«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Երասխի մետաղաձուլարանը կտեղափոխվի Արարատի մարզի Արարատ գյուղ՝ պողպատի գործարանի կառուցման գործարար ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։ Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ դեկտեմբերի 14-ի նիստի ժամանակ։
Այդ նպատակով կառավարությունը 8,91000 հեկտար արտադրական հողատարածք է տրամադրում ընկերությանը, ակնկալում կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընկերությունը հերքել է Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերը։
Սեպտեմբերի 13-ին ԵՄ մոնիթորինգային առաքելությունը X-ում (նախկին Twitter) հայտնել էր Երասխի մետալուրգիական գործարանի ապամոնտաժման մասին, նշել, որ վերջին շաբաթների ընթացքում կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում՝ վերահսկելու մետալուրգիական կոմբինատի ապամոնտաժումը։ Սակայն ավելի ուշ այս գրառումը ջնջվել էր, և փոխարենը առաքելությունը հայտնել էր, որ պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի տարածքում՝ ներառյալ մետալուրգիական կոմբինատը, վերահսկելու անվտանգությունը և ցանկացած ռազմական գործողություն:
Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում էին Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը։ GTB Stell ընկերությունը օգոստոսի 28-ին հայտնել էր, որ երեք օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ արձակել էր ավելի քան 60 կրակոց։ Ընկերության տվյալներով՝ Ադրբեջանի Զինված ուժերն աննախադեպ ինտենսիվությամբ կրակել էին գործարանի տարածքի վրա, այդ թվում՝ բանվորների ժամանակավոր կացարանները՝ զենքի սպառնալիքով։ Armenia Today-ը հունիսի 15-ին այցելել էր Երասխի գործարան, որտեղ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը խոսել էր Ադրբեջանի գնդակոծությունից հետո ստեղծված իրավիճակի մասին։