Կգա ժամանակը, հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել՝ ասելով Արցախի էջը փակված չէ, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով արցախահայերի վերադարձին՝ նախկին նախագահը շեշտել է, որ պետք է արցախահայերին հարցնել, թե ի՞նչ պայմաններում են պատրաստ վերադառնալ: «Վերադարձը ցանկալի է, դա միանշանակ է, բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ, թե ինչպիսի, ես չեմ կարող հիմա ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը»,- ընդգծել է նա:
Արցախի Հանրապետության լուծարման մասին Շահրամանյանի հայտարարությունը, Սարգսյանի խոսքով, ոչինչ չի նշանակում: «Որևէ մեկի հայտարարությամբ կարո՞ղ է ՀՀ-ն լուծարվել: Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող ԼՂՀ-ն լուծարվել»,- ասել է նա:
Խաղաղության պայմանագրի մասին Սարգսյանը կարծիք չի հայտնել, որովհետև չի տեսել այն: «Պայմանագիրը փաստաթուղթ է, որը հնարավոր է հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա, բայց այն պետք է ուսումնասիրել, հասկանալ, տեսնել: Եթե չեմ տեսել, ինչպե՞ս մեկնաբանեմ: Դա այս իշխանությունների գործելաոճն է: Դուք հիշո՞ւմ եք, որ մինչև 2018թ. որևէ լուրջ պայմանագիր գաղտնի ստորագրվի: ՀՀ-ի կողմից հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստաթղթերը հրապարակվել էին, ԼՂ շուրջ բանակցային փաստաթղթից բոլորը տեղյակ էին, այս մարդիկ չեն ուզում, որ որևէ մեկը տեղյակ լինի»,- հավելել է նախկին նախագահը:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դոնալդ Տուսկին հղած շնորհավորական ուղերձում անդրադարձել էր Արցախի հարցին՝ շեշտելով, որ հայկական Արցախի էջը փակված չէ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում