Դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ, հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրել է համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը և, արդյունքում, ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Գերատեսչության փոխանցմամբ՝ արձանագրվել է հետևյալը․
1. Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված խախտումների փաստը:
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ:
Ավելի վաղ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները չեն քննարկում ռուսական հեռուստաալիքները փակելու հարցը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է ռուսական կողմի հետ խորհրդակցությունների արդյունքներից։
Խաչատրյանը հոկտեմբերի 19-ին հայտնել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովը արձանագրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի մի շարք կետերի խախտումներ, մասնավորապես՝ «Առաջին ալիքը» և «Ռոսիա 24»-ը։ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր դադարեցման մասին հարցին նախարարը պատասխանել էր, որ «բոլոր տարբերակները քննարկվում են, դեռ որոշում չկա»։ Դեկտեմբերի 4-ին Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում երկրների միջև պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով։