Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է։ «Մենք աջակցում ենք Եվրամիության մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վերսկսմանը, որպեսզի պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հասնելու համար։ Բնականաբար, ինչպես և սպասվում էր մեզանից, մենք հայ ժողովրդի կողքին ենք»,- ընդգծել է Դենդիասը՝ ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում։
Իրավիճակը Կովկասում, իրադարձություններն ուկրաինական ճակատում և Մերձավոր Արևելքում անկայունության բազմաթիվ գոտիներ են ստեղծում տարածաշրջանում, ընդգծել է Դենդիասը։ «Այս անկայունության հետ կապված Հունաստանը հաստատուն դիրքորոշում է պահպանում. մենք աջակցում ենք երկխոսությանը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է նա:
Նոյեմբերի 6-10-ը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայինները զորավարժություններ էին անցկացրել Հունաստանի Ատտիկա նահանգի Նեա Պերամոս քաղաքում՝ իրենց օպերատիվ կարողությունների ամրապնդման համար։ Դեկտեմբերի 14-ին Աթենքում Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները համաձայնագիր էին ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության մասին։