Արցախի Ազգային ժողովի պատգամավորները փակ նիստից հետո կրկին հանդիպել են նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, քննարկել տեղահանվածների կարիքների հարցը և դրանց լուծման ճանապարհները, սակայն դրանից բացի քննարկել են նաև Շահրամանյանի` Արցախը լուծարելու մասին տխրահռչակ որոշման ճակատագիրը, գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ աղբյուրի՝ Շահրամանյանը փակագծեր չի բացել, միայն ասել է, որ ինքն է այդ որոշումն ընդունողը և հետևանքների կրողը, ուստի ինքը գիտի իր անելիքները։
«Ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Շահրամանյանը չեղարկել է իր իսկ ստորագրած հրամանագիրը։ Մեր աղբյուրները փոխանցեցին, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ստեղծման ուղղությամբ, որը նախորդ նիստում էր մեկնարկել»,- գրում է օրաթերթը։
Նշվում է, որ դրանով զբաղվում են Արցախի քաղաքական ուժերի ակտիվի նեղ խմբով, սակայն որոշել են առայժմ խիստ գաղտնիության պայմաններում այդ աշխատանքներն իրականացնել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։