Դեկտեմբերի 18-ին ՀԷՑ-ի պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով նշեց, Հայաստանում թողարկման և վարկանշավորման պետական աջակցության ծրագրի հաստատումից հետո ընկերությունների կողմից մեծ ակտիվություն կա պարտատոմսերի թողարկման մասով․
«Չորս ամիս առաջ, երբ կառավարությունը հաստատեց թողարկման և վարկանշավորման պետական աջակցության ծրագիրը, որի ներքո կառավարությունը ընկերություններին օգնում է ֆինանսապես, ներդրում է անում ընկերություններում, որպեսզի այդ ընկերությունները թողարկում անեն և փոխհատուցում է այդ ընկերությունների թողարկման ծախսերը, ինչպես նաև տոկոսային ծախսերի մի մասը։ Ես վերցրի հեռախոսը և զանգեցի 20 ընկերությունների, որոնց կարծում էի, որ կհետաքրքրի մեր ծրագիրը և Նարեկ Կարապետյանի հետ խոսելիս, քննարկման ընթացքում առաջացավ իդեա՝ ուսումնասիրել ՀԷՑ-ի կողմից պարտատոմսերի թողարկումը։ Չորս ամիս անց ես շատ ուրախ եմ, որ մենք իրականություն ենք դարձնում այն իդեաները, որոնք քննարկել ենք հեռախոսային խոսակցության ընթացքում», – ասաց նա.
Քերոբյանն ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում մեծ խնդիր է եղել կապիտալի շուկային ու ֆինանսական ռեսուրսներին հասանելիությունը, սակայն հիմա արդեն դրական միտումներ կան:
«Տասնամյակներ, կարող եմ ասել 2000 թվականից ի վեր, երբ ես սկսեցի ավելի ակտիվ հետևել Հայաստանի գլոբալ մրցունակության ցուցիչներին, ամեն տարի այստեղ բիզնես անելու գլխավոր խոչընդոտը կապիտալի և ֆինանսների հասանելիությունն էր։ Գործարարներն ու բիզնեսմենները, նույնիսկ կոռուպցիայից և հարկային խնդիրներից ավելի մեծ խնդիր էին համարում կապիտալի շուկային ու ֆինանսական ռեսուրսներին հասանելիությունը։ Այդ խնդիրը կար ընկերությունների ֆինանսավորման բոլոր շերտերում։ Ու մեր շուկայի կապիտալիզացիան համաշխարհային տնտեսական ֆորում միշտ երկու տոկոսից փոքր է եղել, իսկ հիմա մեր հաշվարկներով այն երկու տոկոսից ավելին կլինի»։
Նախարարը հիշեցրեց, որ այսօր էլ ծրագիրը գործում է, և ընկերությունները կարող են շատ էժան ու շատ գրավիչ պայմաններով իրենց թողարկումներն անել և դառնալ կապիտալի շուկայի մասնակից։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում՝ 32 մլրդ դրամի չափով, 11․4 % տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է։