Գյումրիից Երևան գալուց առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին և մի քանի ժամանոց զրույց է ունեցել, գրում է «Հրապարակ»-ը՝ նշելով, որ բովանդակության մանրամասներին տեղյակ չէ։
Տեղեկություն կա, որ վարչապետը Մկրտչյանի հետ քննարկել է Գյումրու հետ կապված իր պլանները։ «Բնական է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիայի խզումից հետո ՔՊ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկելու և փորձելու է մարզում իշխանությունների կշիռը հնարավորինս մեծացնել»,- գրել է թերթը։
Նախկին փոխքաղաքապետ Մկրտչյանը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է, նրան դիտարկում են Շիրակի մարզպետի պաշտոնում, և այս քայլը նույնպես տեղավորվում է առաջիկա ընտրությունների ու Շիրակի մարզում ՔՊ-ի էլեկտորատն ընդլայնելու մտադրությունների շրջանակում, ասված է հրապարակման մեջ:
Ընդգծված է, որ Երևանի ընտրություններում պարտությունից հետո իշխանությունը որոշել է շեշտը դնել Շիրակի մարզի և, առհասարակ, մարզերի վրա, որ ընդդիմադիր Երևանին հակակշռի իշխանական մարզերով։