Երևանի պատմական շենքերը հայտնվել են գույնզգույն լապտերների տակ: Մայրաքաղաքը պատրաստվում է Ամանորին: Միայն տոնական ձևավորման ու լուսավորության վրա քաղաքապետարանն այս տարի ծախսել է 202 միլիոն ՀՀ դրամ, որը գերազանցում է 500 հազար դոլարը։
Արդեն երկրորդ տարին է՝ քաղաքապետարանն ամանորյա զարդարանքը վստահում է «Սինեմարտ» ՍՊ ընկերությանը՝ առանց մրցույթի, մեկ անձից գնում կատարելու միջոցով։ Սակայն պայմանագրի արժեքն այս անգամ 11 միլիոնով ավելի է նախորդ տարվանից։ Ընկերությունում դա պարզաբանում են աշխատանքների ավելացմամբ։
«Մշակութային միջոցառումները, որոնք իրենք իրենցով ենթադրում են նաև որոշակի դիզայներական, ստեղծագործական աշխատանք, օրենքով թույլատրված է մեկ անձից գնման միջոցով իրականացնել: Քաղաքապետարանը որոշում է կայացրել այդ պատվերը տալ «Սինեմարտ» ընկերությանը, ենթադրում եմ՝ հաշվի առնելով, որ նա նախորդ տարի իրականացված աշխատանքներում կարողացավ նախ չխախտել որևէ ժամկետ, երկրորդը՝ բարեխղճորեն կատարել պայմանագրային պարտավորությունները, և կարողացավ գին-որակ համադրումն իրականացնել»,- ասում է ընկերության հանրային կապերի պատասխանատու Լևոն Սարդարյանը:
Ընկերության ներկայացուցիչը համաձայն չէ այն կարծիքներին, թե «Սինեմարտ»-ը նախորդ տարի բազմաթիվ թերացումներ է ունեցել։ Պնդում է, որ ընկերությունը պայմանագրով ստանձնած բոլոր պարտականությունները պատշաճ կատարել է։ Նշում է՝ նոր կոնստրուկցիաները հնարավորություն կտան ավելի պակաս վնաս հասցնել մշակութային հուշարձաններին։
«Այս տարի մենք անցկացրել ենք մետաղական կարկասներ, որոնք կրող են, հնարավորություն են տվել միջամտությունը շենքներին նվազագույնի հասցնել»,- ասում է նա:
Հանուն գեղեցկության՝ երկրորդ տարին անընդմեջ շենքների պատերը ծակելու գաղափարը ճարտարապետական համայնքը գնահատում է խիստ բացասական։
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի որակմամբ՝ ճարտարապետական մեր կոթողներն այսպես «շղարշելը» պարզապես անթույլատրելի է։ Ասում է՝ և՛ նախորդ, և՛ այս տարի բարձրացրել է իր դժգոհությունը քաղաքի ամանորյա ձևավորման մասին։
«Նայել եմ անցած տարի, երբ նույն գործառույթներն իրականացվեցին, այն ժամանակ էլ եմ առիթ ունեցել հայտնել իմ բողոքը պաշտոնապես, և այս տարի եմ առիթ ունեցել տեսնելու, թե ինչ են ձևափոխել, ինչ են արել: Ես անկեղծ ասած՝ զարմացած եմ, թե ո՞վ է դա նախաձեռնում, ո՞ւմ հետ են քննարկում և ո՞վ է հեղինակը: Այդ դիզայնի հեղինակը մասնագիտություն ունի՞»,- հարցնում է նա՝ նշելով, որ մշակույթի առումով դա ուղղակի հանցագործություն է:
«Սինեմարտ»-ը խոստանում է, որ բացված անցքերն Ամանորից հետո կփակեն։ Մշակել են անցքերի փոշին հավաքելու, պահեստավորելու, ապա նույն նյութից շաղախներ անելու և մեխերի տեղերը լցոնելու տեխնոլոգիա։ Խոստանում են, որ նորոգված հատվածները գրեթե անտեսանելի կլինեն։
«Խոսքը մի նյութի մասին է, որն անցել է Փորձագիտության ինստիտուտի լաբորատորիան և որի հետ խառնվելու է հենց այս անցքերի փոշին, որը պահեստավորված է»,- ասում է Սարդարյանը:
Սակայն ճարտարապետը նկատում է՝ դեռ անցած տարվանից չփակված անցքեր կան հրապարակի շենքերի վրա։ Վաստակավոր ճարտարապետի խոսքով՝ մշակութային կոթողի վրա վերևից ներքև ձգվող լուսեղեն «վարագույրը» ոչ թե օգնում, այլ խանգարում է ճարատարապետության տրամաբանությանը, ապտակում նրան։
«Հրապարակն արդե՛ն գեղատեսիլ վայր է, ինչո՞վ է օգնում այս միջոցառումն այդ գեղատեսիլ վայրի պահպանմանը: Խնդիրն անցքը չէ… աներևակայելի է, ես անձամբ, որպես մշակույթի գործիչ, ճարտարապետ, կամաչեի այդ տարածքով ման գալ»,- ասում է Քալաշյանը՝ հավելելով, որ երբ զարդարանքները ծառերի վրա են կամ այլ վայրերում, որևէ մեկը չի դժգոհում, սակայն շենքի ճակատը փչացնելն անընդունելի է:
Մշակույթի գործիչը չի ցանկանում մտնել ֆինանսական դաշտ, ասում է՝ տալիս է միայն մասնագիտական գնահատական։ Թանկ է, թե էժան՝ ամենակարևորը չէ։ Եվ տարածված կարծիքներին, թե Արցախի կորստի, արտաքին սպառնալիքների պարագայում արդյոք 202 միլիոնը ծախսելու ավելի ճիշտ տեղ չկա՞ր՝ պատասխանում է․ «Այդ ամենը խանգարող հանգամանք է, ոչ թե օժանդակող, ոչ թե նպաստում է, այլ ավելի է խորացնում»:
Այս հարցին դեռ նոյեմբերին Երևանի փոխքաղաքապետը պատասխանել էր՝ հանրության կյանքում պետք է լինեն նաև վառ կետեր, և հետո ի՞նչ մեղավոր են երեխաները։ Փոխքաղաքապետը կարծում է՝ միայն մանուկնե՛րը չէ, բոլո՛րս ունենք դրա կարիքը: Սակայն մեր հարցման մասնակից երևանցիների մեծ մասը կարծում է, որ առկա մարտահրավերների պայմաններում անթույլատրելի է նման շռայլությունների գնալը։
Հարցված քաղաքացիներից մեկը կարծիք է հայտնել, որ բոլոր հնարավոր միջոցները պետք է ուղղել բանակի վերականգնմանը և զենքի ձեռքբերմանը: Մեկ ուրիշ քաղաքացի էլ հանոզված է, որ գումարները պետք է հատկացնել արցախահայերի սոցիալական աջակցությանը կամ առհասարակ՝ օգտագործել սոցիալական խնդիրների լուծման նպատակով:
Արաքսյա Սնխչյան