«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) է ներկայացրել 2024-2028 թվականների ներդրումային ծրագիրը, ըստ որի ընկերությունը 367,7 մլն դոլար կներդնի Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման համար, հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ՀԾԿՀ-ն ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը կքննարկի դեկտեմբերի 20-ի նիստում։ «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումներից մոտ 62 մլն դոլարը կուղղվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հզորության վերականգնմանն ու ընդլայնմանը, 139,7 մլն դոլարը՝ գազափոխադրման համակարգի ընդհանուր վերակառուցմանը, 9,7 մլն դոլարը՝ նոր բաժանորդներին գազահաղորդման ցանցին միացնելու համար։
«Գազպրոմ Արմենիան» մոտ 50 մլն դոլար կհատկացնի Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու համար։ Որոշման նախագծով ՀԾԿՀ-ն անվավեր կճանաչի հանձնաժողովի համաձայնությունը «Գազպրոմ Արմենիա»-ի 2024-2027 թվականների ներդրումային պլանին և կպարտավորեցնի ընկերությանը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել 2025-2029 թվականների նոր ներդրումային պլան։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ն պայմանագիր է կնքել մայր ընկերության հետ, որով որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ։