Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեքերը թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ճնշման ներքո որոշել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, հայտնում է գերմանական Welt հեռուստաալիքը։ Մի քանի տարի անց հայկական հուշահամալիրի տեղում կկանգնեցվի «Ընդդեմ ռասիզմի և հանուն մարդու իրավունքների» հուշարձանը։
«Աջ ծայրահեղականները, որոնք ավելի հայտնի են որպես «Գորշ գայլեր», միշտ ակտիվ են եղել ցեղասպանությունը ժխտողների՝ Քյոլնի մեծ նախաձեռնության մեջ: Հիմա նրանք հասել են իրենց նպատակին՝ ցեղասպանությունը չի հիշվի, եթե այն իրականացվել է թուրքերի կողմից»,- գրել է Welt-ը։
Հեռուստաալիքը նշել է, որ քաղաքի հայ համայնքը մեկ տարուց ավելի պայքարում էր նման որոշման դեմ։ Քաղաքագետ և ծայրահեղականության հարցերով փորձագետ Քեմալ Բոզայը մեկնաբանել է թուրքական ծայրահեղ ազգայնականությունը և նշել, որ Գերմանիայում թուրքամետ ուժերի ազդեցությունը մոտ ապագայում չի թուլանա, քանի որ Թուրքիայի աջակցությունը չափազանց մեծ է, իսկ Անկարային դիմադրությունը՝ անհամեմատ փոքր։ Նա հիշեցրել է, որ «գայլերն» իրենց տեսնում են որպես «Թուրքական մեծ կայսրության՝ Թուրան կոչվող ֆորպոստ», որը պետք է կառուցվի Չինաստանից մինչև Եվրոպա։
Ըստ Բոզայի՝ կազմակերպության մեծ թվով հետևորդներ գրեթե անհնարին են դարձրել պետական մակարդակով դրա արգելումը, սակայն դեռ կարելի է հետևել Ավստրիայի օրինակին և արգելել թուրքական ծայրահեղ աջերի խորհրդանիշները։ «Գորշ գայլերը» Գերմանիայում ունեն 12 000-18 000 անդամներ, հիշեցնում է Welt-ը:
Աղբյուրը նաև մեղադրել է Բեռլինին երկրում աջ ծայրահեղականության տարածման սպառնալիքի հանդեպ անտարբերության մեջ և հիշեցրել, որ տասնյակ գերմանացի խորհրդարանականներ, հատկապես Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, Բեռլինում և Հեսսենում, մասնակցում են «Գորշ գայլերի» միջոցառումներին, քննարկում նրանց հետ ինտեգրման հարցը և դրանով իսկ դրանք դարձնում սոցիալապես ընդունելի:
2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիան արգելել էր «Գորշ գայլերի» գործունեությունը, ինչին Թուրքիան խոստացել էր «ուժեղ պատասխան» տալ։ Ավելի ուշ գերմանական մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ երկրի կառավարությանը կոչ էին արել հետևել Փարիզի օրինակին և արգելել թուրքական աջակողմյան կազմակերպությունը, որից հետո «Գորշ գայլերի» անդամներն սկսել էին սպանությամբ սպառնալ Գերմանիայում ապրող հայերին։