Արցախից հայերին բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանը բնականաբար շատ մեծ քանակությամբ զորք ազատեց, որը կարող է կիրառել բուն Հայաստանի Հանրապետության դեմ, Armenia Today-ի՝ Արցախի հայաթափումն ինչպե՞ս է ազդել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա հարցին ի պատասխան ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Եթե կային բազմաթիվ զորքեր, Արցախի շուրջ բաշխված զորամասեր, այժմ այդ ամբողջ զորքն ազատվել է, և Ադրբեջանը չի շտապում զորացրել։ Եվ ենթադրում եմ, որ այդ զորամասերը Հայաստանի սահմաններին մոտեցնելու գործընթաց է արդեն ընթանում։ Ադրբեջանը մեծ թափով ավելացնում է իր զորքը»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը պլաններ ունի ինչ-որ պահի ռազմական լայնածավալ գործողություններ սկսել արդեն Հայաստանի Հանրապետության դեմ և այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են․ «Եթե խնդիրը, ինչպես Ադրբեջանը և Նիկոլ Փաշինյանն էին պնդում, Արցախն էր, և եթե մենք Արցախը հանձնում ենք, ապա պատերազմը վերջանում է, խաղաղություն է գալիս, այդ դեպքում՝ Ադրբեջանը զորքն ինչո՞ւ չի ցրում, ինչո՞ւ կտրուկ չի կրճատում։ Հակառակը՝ իրենք օրենք են ընդունում, որը կավելացնի իրենց զինված ուժերի քանակը»։
Արցախի՝ Ադրբեջանի կազմում անցնելն ու հայաթափումը՝ Վրթանեսյանի խոսքով, ավելի է բացում Ադրբեջանի ախորժակը Հայաստանի մասով․ «Եթե դու ունես երկու պաշարված ամրոց ու մեկը հանձնում ես, դրանով չես դառնում ավելի ուժեղ կամ դրանով խաղաղության չես գալիս։ Դու դրանով քո թշնամուն ավելի մեծ առաջարկ ես անում քեզ վրա հարձակվելու, ախորժակն ավելի շատ ես գրգռում»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։
Փորձագետի կարծիքով ՝ խաղաղության մասին հայտարարությունները ոչ մի կապ չունեն Ադրբեջանի մտադրությունների հետ: «Այն, ինչ մեզ ներկայացնում են որպես խաղաղության օրակարգ, դա խաղաղության հետ որևէ կապ չունի։ Մարդուն ծեծելու օրակարգը չի կարող լինել մարդու առողջացման օրակարգ։ «Խաղաղության օրակարգ» անվանումը թակարդ է, կեղծ տերմին, որ ով փորձի դա քննադատել, թվա թե այդ մարդիկ խաղաղության դեմ են, ինչն աբսուրդ է։ Երբ թշնամիդ զինվում է և չի թաքցնում, որ հավակնություններ ունի քո պետության տարածքի նատմամբ, իսկ դու դրան ի պատասխան զորավարժություն չես անցկացնում, բանակդ թուլացնում ես, գեներալներիդ բանտարկում, բնականաբար, դա է՛լ ավելի է գրգռելու թշնամու ախորժակը։ Ինչո՞ւ նման լկտիություն չկար մինչև 2018 թվականը, որովհետև գիտեին, որ շատ ուժեղ դիմադրություն են ստանալու»։
Վերջին շրջանում Հայաստանի՝ Ֆրանսիայից և Հնդկաստանից զենքի ձեռքբերումը, Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ համակարգային չեն լուծում հայկական բանակի խնդիրները․ «Ցաքուցրիվ ինչ-որ զենքի գնումները չեն կարող կոմպենսացնել բանակը քանդելը, բանակի ղեկավար կազմի մի մասին ձերբակալելը, մի մասին՝ զորացրելը։ Սպառազինության գնումը ոչ մի կերպ չի լուծում, օրինակ, այն խնդիրը, որ երկար ժամանակ ամրաշինական աշխատանքներ սահմանին չեն արվում և հարյուրավոր այլ խնդիրներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։