Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ Դմիտրի Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:
Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Սետրակովի վերաբերյալ դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը:
Միարժամանակ «Հետք»-ը գրել է, որ մինչ Հայաստանի իրավապահ մարմինները ռազմաբազայի ծառայողների կողմից Սետրակովի ձերբակալման վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստուգում՝ Սետրակովի կինը հայտնել է, որ ամուսնուն արդեն տեղափոխել են Ռուսաստան:
Խոսքը վերաբերում է սույն թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացուն։