Հանցագործները ներխուժել են Շվեդիայի Սեդերտելյե քաղաքի հայկական Սբ. Մարիամ եկեղեցին և թալանել այն, հաղորդում է Telgenytt-ը։
Վանդալները գողացել են ինչպես ֆինանսական, այնպես էլ մշակութային արժեք ներկայացնող իրեր, նշում է շվեդական թերթը։ «Այս պահին պարզ չէ, թե կոնկրետ քանի հանցագործ է ներգրավված դրանում։ Գողը կամ գողերը եկեղեցի են մտել պատուհանից, որը տանում է դեպի եկեղեցուն միացված սենյակ։ Այդ տարածքն օգտագործվում է կնունքների, հարսանիքների և այլ միջոցառումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայկական եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը Telgenytt-ին ասել է, որ Սուրբ Ծննդի նախօրեին կատարված ներխուժումը մեծ հարված էր եկեղեցու համար։ «Մենք կանգնած ենք դատարկ խորանի և բազմաթիվ տխուր ծխականների առջև: Չգիտեմ՝ սա ապագայում ինչ-որ բանի նշա՞ն է, թե՞ ոչ, բայց մենք առաջ ենք գնալու և ամեն ինչ անելու ենք, որ մեր անդամներն ապահով զգան»,- գրել է թերթը։
Գենետի տարածքում գտնվող եկեղեցի, ըստ թերթի, ներխուժել են դեկտեմբերի 20-ի գիշերը կամ վաղ առավոտյան։ Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։