Ռուս խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան, 2023թ․ ՌԴ ՊՆ գործունեության արդյունքներով օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վալերի Գերասիմովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Հարավային Կովկասում՝ որպես խաղաղ կյանքի կառուցման և տարածաշրջան բնակիչներին վերադարձնելու հնարավորության երաշխավոր։
«Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց կայունացման միտում ունի: Այս տարվա սեպտեմբերին ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հրադադարի հասնել 24 ժամվա ընթացքում»,- ասել է նա։
Գերասիմովի խոսքով՝ մարտական գործողությունների ժամանակ ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար մարդու տեղակայումն իրենց տեղակայման վայրերում, իսկ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան: Նա հավելել է, որ խաղաղապահների ավիատրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 300 վիրավոր:
«Ռուսաստանի Դաշնությունը նպատակաուղղված աշխատանք է տանում քաղաքական ուղու վրա՝ ապաշրջափակելու տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների կարգավորումը»,- ընդգծել է ԳՇ պետը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։