Ադրբեջանում բացահայտվել է ֆրանսիական գաղտնի ծառայության գործակալների լայն ցանց, որոնք տարբեր գործողությունների են մասնակցել Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, Մերձավոր Արևելքում, Արևելյան և Կենտրոնական Ասիայում, գրում է identifier.in.ua.-ն՝ հղում անելով Ադրբեջանում իր աղբյուրներին:
Ըստ հրատարակության՝ Ֆրանսիայի քաղաքացիներից մեկը, ով երկար տարիներ եղել է ֆրանսիական հետախուզության ազատ աշխատակից, կամավոր նախաձեռնել է համագործակցություն Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ։
Համագործակցության արդյունքում բացահայտվել են ֆրանսիացի տասնյակ գաղտնի գործակալներ, որոնց մի մասը ծառայում և շարունակում է աշխատել Ադրբեջանում, իսկ մի մասը ներկայումս աշխատում է մի շարք հարևան երկրներում և միջազգային կազմակերպություններում։ Դրա հետ մեկտեղ, նշվում է հրապարակման մեջ, Ադրբեջանի հետախուզական ծառայություններին են տրամադրվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Մոլդովայում Ֆրանսիայի հետախուզական գործունեության վերաբերյալ ապացույցներ և փաստաթղթեր։
Հայտնում են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վարած քրեական գործով ձերբակալվել են մի շարք անձինք, ովքեր հետախուզական գործունեություն են ծավալել Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ կապված։ Ադրբեջանական կողմն այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն չի արել։
Միևնույն ժամանակ, երեկ հրապարակված լուրերում նշվում էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխատանքից ազատել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության արտաքին անվտանգության գլխավոր տնօրինության (DGSE) տնօրեն Բեռնար Էմիերին, ով այս տարվա ապրիլին մեկնել էր Մինսկ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպելու նպատակով։ Բեռնար Էմիի հնարավոր հրաժարականը քննարկվել է աֆրիկյան և հարավկովկասյան հատվածում հետախուզության ձախողումից հետո, եզրակացնում է աղբյուրը: