Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով, հայտնում են ՄՊՀ-ից:
«Մասնավորապես Citibike-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են հետևյալ հրապարակումները․ «Կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ», «Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից», «Մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարությունում։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հետքին» հայտնել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Երեկ հայտնի էր դարձել, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
Ավելի վաղ Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից հայտնել էր, որ ՀՀ-ում գործունեություն իրականացնող Սիթի բայք (Citibike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցներից դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:
ԿԲ-ն քաղաքացիներին զգուշացրել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Սիթի Բայք ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: