Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախկին պետնախարար, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին միջնորդավորված փոխանցել է, որ իր դեմ արշավը շարունակելը կարող է ծանր նստել նրա վրա, Ներսիսյանն էլ արձագանքել է, որ չի պատրաստվում նահանջել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ աղբյուրի՝ Ներսիսյանը տարբեր շրջանակներում հայտարարել է, որ տիրապետում է, թե հետպատերազմյան տարիներին ինչ տնտեսական արտոնություններից է օգտվել Բաբայանը` ինչ ճանապարհներով, «եթե իրեն խելոք չպահի, այդ ամենին հնարավոր է իրավական ընթացք տրվի»։
«Տեղեկացանք նաև, որ Բաբայանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպե՞ս է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում»,- հայտնում է «Հրապարակ»-ը։
Ավելի վաղ Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը պնդել էր, որ Սամվել Բաբայանը հարցաքննվել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բաբայանն էլ «ստախոս» և «փիառշչիկ» էր անվանել Գուրգեն Ներսիսյանին, ում պնդմամբ՝ նա Արցախի դատախազությունում հարցաքննվել է 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։