Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալներն ու Դատախազության աշխատակիցներն այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոն, հայտնում են Դատախազությունից։
Կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանն ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։
Այցի շրջանակում Դատախազության աշխատակիցների և չափահաս «Ճախրուկների» միջև անց է կացվել շախմատի մրցույթ, որին մասնակցել է նաև գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը: Գրանցվել է ոչ-ոքի հաշիվ։
Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավար Հարություն Բալասանյանը և Կենտրոնի հիմնադիրները Դատախազության աշխատակիցներին են ներկայացրել Կենտրոնի գործունեությունը, Կենտրոնի սաների կողմից՝ կավից և փայտից պատրաստված ձեռքի աշխատանքները:
Աննա Մխիթարյանը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ Դատախազության աշխատակիցների այցը Կենտրոն, շախմատի մրցույթ անցկացնելու գաղափարը և շնորհակալություն հայտնել Աննա Վարդապետյանին՝ «Ճախրուկների» հետ 2017 թվականից սկսած բարեկամության համար: