Ֆրանսիայի Էվիան քաղաքի քաղաքապետարանը որոշել է հեռացնել քաղաքի բոլոր ցուցանակները, որտեղ նշված է «Ադրբեջանական այգի», հայտնում է Le Messager ֆրանսիական հրատարակությունը:
2017 թվականին Էվիանի և Ադրբեջանի Իսմայիլի քաղաքի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում Էվիանի Hilton հյուրանոցի դիմաց բացվել է «Ադրբեջանական այգին» և ադրբեջանցի բանաստեղծուհի Խուրշիդբանու Նաթավանի արձանը։
Ընդդիմության ներկայացուցիչները դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանի խորհրդի նիստում պահանջել են, որ քաղաքում բոլոր ցուցանակները, որտեղ նշվում է «Ադրբեջանական այգի», պաշտոնապես հանվեն՝ հաշվի առնելով «միջազգային համատեքստը և այն փաստը, որ Ադրբեջանը սեպտեմբերին ռմբակոծել է Հայաստանը»։
«Ադրբեջանում բռնապետ Իլհամ Ալիևը մոլեգնում է։ Մենք խնդրում ենք, որ այգին պաշտոնապես վերանվանվի»,- ասել էր ընդդիմությունը։
Քաղաքի քաղաքապետ Ջոսիան Լեյը պարզաբանել է, որ այս տարածքում «Ադրբեջանի այգի» մակագրությունն արդեն հանվել է։ Փոխքաղաքապետ Ժան Պիեռ Ամադիոն դեմ է արտահայտվել ադրբեջանցի բանաստեղծուհու արձանը քանդելուն։ «Իհարկե, մենք աջակցում ենք հայ ժողովրդին, բայց մշակույթն ու արվեստը մարդկանց և երկրներին կապող ամենահուսալի կամուրջներն են»,- նշել էր նա։
Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին լրացուցիչ 15 միլիոն եվրո տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու համար։ Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի քաղաքական առաջնորդներին մեղադրել էր Արցախի հարցում «հայերից ավելի շատ հայ լինելու փորձերի մեջ»: