Բաքվի դատարանը քննարկման է ընդունել Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճռի բողոքարկման հայցը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց խոսքով՝ նիստում քննվել են բողոքարկման հիմքերը։ Բողոքարկման նիստը նշանակված է 2024թ. հունվարի 7-ին:
Վագիֆ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան նոյեմբերի 27-ին հայտնել էր, որ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել:
Նոյեմբերի 7-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Վագիֆ Խաչատրյանի դեմ գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 13-ին:
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով ԿԽՄԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչև օգոստոսի 8-ը․ վերոնշյալ տեղեկությունները փոխանցվել էին վերջինիս հարազատներին: