Ավանդաբար Armenia Today-ը ամեն տարվա ավարտին հավաքում է տարվա ամենաշատ կարդացված գրքրի ցանկը՝ ըստ երևանյան գրախանութների: Ձեզ ենք ներկայացնում արտասահմանյան գրականության կարկառուն հեղինակների ամենաշատ կարդացված գրքերը՝ ըստ Ֆենիքս, Բուկինիստ գրախանութների:
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:
Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:
Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:
Գիրքը երևանյան գրախանութներում վաճառվում է 5800 դրամով:
Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:
Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:
Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային:
Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով:
Գիրքը երևանյան գրախանությերում վաճառվում է 5800 դրամով:
Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետևողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը և շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաև բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։
Գիրքը երևանյան գրախանութներում արժե 6800 դրամ:
Ագաթա Քրիստի, Կապույտ գնացքի առեղծվածը
Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին:
«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:
Գիրքը երևանյան գրախանութներում արժե 3900 դրամ:
Էկհարտ Թոլլ, Ներկայի ուժը
Դժգոհել՝ նշանակում է չընդունել այն, ինչ գոյություն ունի: Եթե այն, ինչով զբաղվում ես, քեզ չի բերում ոչ ուրախություն, ոչ հանգստություն ու ոչ էլ թեթևություն, ապա դա դեռ չի նշանակում, որ դու պիտի փոխես քո զբաղմուքը: Բավական է միայն փոխել այն, թե ինչպես ես դա անում:
Գիրքը երևանյան գրախանութներում արժե 3500 դրամ:
Ագաթա Քրիստի, Թունավոր գրիչով ձեռքը
«Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. Սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: Հանդարտ և խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն… Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը պոտենցիալ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը:
Գիրքը երևանյան գրախանութներում արժե 3900 դրամ:
Բեռն Ռոնդա, Գաղտնիքը
««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց… Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք
գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»: Ահա այսպիսի խոսքեր է գրում Ռոնդա Բեռնը իր «Գաղտնիքը» գրքի նախաբանում:
Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն
ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը
շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների…
Գաղտնիքի հետքերը պատմության խորքերում փնտրելիս հեղինակը պարզել է, որ մեծագույն մարդիկ՝ Պլատոնը, Շեքսպիրը, Նյուտոնը, Հյուգոն, Բեթհովենը, Լինքոլնը, Էդիսոնը, Էյնշտեյնը, նրանք բոլորն էլ իմացել են դա…
Գիրքը երևանյան գրախանութներում արժե 8900 դրամ:
Ուայթ Էլվին Բրուքս, Շարլոթի սարդոստայնը
Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։
Գիրքը երևանյան գրախանութներում արժե 3300 դրամ:
Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միլարես, Իկիգայ
Այս գիրքը կօգնի Ձեզ քայլ առ քայլ գտնել Ձեր ԻԿԻԳԱՅԸ` կամ կյանքի իմաստը, առաքելությունը ։ Ճապոնացի երկարակյացները վստահ են, որ հենց ԻԿԻԳԱՅ ունենալն է կյանքը լցնում իմաստով ու ամենօրյա երջանկությամբ ։ Բացի այդ, այստեղ կգտնեք առողջ ապրելակերպի խորհուրդներ։
Գիրքը երևանյան գրախանութներում արժե 2900 դրամ: