Հուլիսի 31-ին տեղի ունեցած ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին նվիրատվություն է կատարել 996 նվիրատու, ընդհանուր գումարը կազմել է 509 մլն 085 հազար 950 դրամ` գրեթե 1 մլն 255 հազար դոլար, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթը հարցումով դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տալ նվիրատուների ցանկը։
«Ամենամեծ քանակի գումարը, որ փոխանցել է մեկ նվիրատուն, եղել է 2 մլն 500 հազար դրամը։ Այսքան գումար փոխանցողները 72 հոգի են»,- գրել է թերթը:
Ըստ հրապարակման՝ Վիգեն Գրիգորիի Չիլինգարյանը ՔՊ-ին 2 մլն 500 հազար դրամ փոխանցածներից մեկն է: Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել վերջինիս դեմ, նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի ժամկետով։ Դատավորը կիրառել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 03.10.2013թ.-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և Վիգեն Գրիգորիի Չիլինգարյանին ազատել նշանակված պատժից: