Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, հայտնում է IRNA-ն։
Աբդոլլահիանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված առաջընթացը։ Նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, նշում է գործակալությունը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն անկեղծորեն, ազնվորեն և անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը, և դա Մոսկվայի մշտական դիրքորոշումն է։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Գերատեսչությունից տեղեկացրել էին, որ երկու երկրների ԱԳ նախարարները համատեղ մամուլի ասուլիս կունենան: