2024 թվականն իր մեջ մեծ խորհուրդ ունի, այն լիության տարի է՝ ըստ աստղաբանության, որովհետև Յուպիտերը գտնվում է ցուլի կենդանակերպում, իսկ ցուլը ֆինանս է, ռեսուրս և գումար, այս մասին Armenia Today-ին ասաց աստղաբան, հոգեբան-խորհրդատու Գայանե Սարգսյանը։
«Յուպիտերը սեպտեմբերի 4-ից մինչ դեկտեմբերի 31-ը ցուլում նահանջող էր, կանգնած էր, դեկտեմբերի 31-ից արդեն ստացիոնար կլինի ու առաջ կգնա։ Երբ առաջ է գնում, նա հնարավորություն է տալիս, էներգիաները բացվում են։ Յուպիտերը շատ բարի է, նա բարեկեցության մոլորակն է»,- ասաց աստղաբանը։
Գայանե Սարգսյանն ընդգծեց՝ հատկապես հունվարին բարենպաստ օրեր կան նոր գործեր սկսելու համար․ «Հունվարին նորալուսին ունենք, ամսի 11-ի երեկոյան ժամերն են։ Նոր գործեր սկսելու համար այն շատ բարենպաստ է։ Այդ օրը մեր հայրենակիցները կարող են երազանքների, նպատակների ցուցակ գրել, բայց դրանք պետք է իրատեսական լինեն։ Նպատակներ դրեք, Յուպիտերն էլ, տիեզերքն էլ ձեզ կօգնեն»,- հավելեց հոգեբանը։
Ինչ վերաբերում է ոչ նպաստավոր օրերին, աստղաբանը նշեց, որ ապրիլի 5-ից մինչև 16-ը լարված դիրքավորումներ կան․ «Կարող են պայթյուններ լինել, լաբորատորիաներում քիմիական նյութերի արտահոսք լինի, ծովերի ջրերը կարող են իրենց ափերից դուրս գալ և, հուսանք, որ մեր թշնամիներն ապրիլի 12-ի մոտակայքում միջանցքի համար անսպասելի, ագրեսիվ գործողությունների չեն դիմի։ Բայց, ցավոք, հենց բարդ դիրքավորումների օրերին մեր թշնամիները հարձակումներ են կատարում․ դա նշանակում է, որ նրանք հաշվում են»,- ընդգծեց Գայանե Սարգսյանը։
Իսկ թե ինչպիսի տարի է լինելու 2024 թվականը Հայաստանի համար, աստղաբանը նշեց․ «Ես 2020-2021 թվականից ասում եմ, որ 2024 թվականը կարող է հաղթանակների, ձեռքբերումների տարի լինել։ Կարող ենք պատրաստվել՝ նորագույն տեխնոլոգիաներով, արհեստավարժ մասնագետներով, որոնք իրենց գործի վարպետն են, մենք այդ ժամկետներն ունենք մինչ մայիսի կեսերը։ Բայց այդ, նույն մոլորակների դիրքավորումները կարող են բերել ներպետական խժդժությունների կամ, հնարավոր է, Ազգային ժողովում խնդիրներ լինեն, մեկը մյուսին անվստահություն հայտնեն։ Ինչպես նաև ապրիլի մոտակայքում և ամռանը միջանցքի հետ կապված սրացումներ կարող են լինել»,- ասաց աստղաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։