Երևանը և Բաքուն շարժվում են խաղաղության պայմանագրի վերջնականացման ուղղությամբ, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ կողմերը որքան հնարավոր է շուտ կկնքեն խաղաղության պայմանագիրը։
ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ չեն անցկացրել։ Նա Փաշինյանի և Ալիևի հանդիպումը «ոտքի վրա կարճատև շփում» է անվանել։
Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։
Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր ԱՊՀ գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 25-ին մասնակցել էր նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։