Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գանձասար վանական համալիրի զբոսաշրջիկներին միշտ դիմավորում էր Գրիշա Ասրյանը՝ իր Եղնիկ անունով սպիտակ ձիու հետ։ Ով գոնե մեկ անգամ եղել է Գանձասարում, դժվար թե չիմանա Գրիշային․ նա երգելով, պարելով ու ակրոբատիկ հնարքներով էր ողջունում հյուրերին՝ ձեռքերում պահելով Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների դրոշները։ Սեպտեմբերին Գրիշան իր շատ հայրենակիցների հետ բռնի տեղահանվեց Արցախից․ այսօր ապրում է Երևանում՝ քրոջ ընտանիքի հետ։ Արցախի փողոցում գտնվող գործարաններից մեկի տարածքում են տեղավորվել, ծանոթներից մեկն է անվճար սենյակ տրամադրել։
«Հարցնում են՝ Գանձասար գնացե՞լ ես, ասում է՝ գնացել եմ, Գրիշային տեսե՞լ ես, ասում է՝ չէ։ Եթե դու Գրիշային չես տեսել, ուրեմն՝ Արցախ չես գնացել։ Արցախում կա երեք բան՝ տատիկը, պապիկն ու Գրիշան»,- ինչպես Գանձասարում, Գրիշան Երևանում էլ է իր հյուրերին այսպես ողջունում։
Գրիշայի խոսքով՝ երբ Արցախ այցելած զբոսաշրջիկները գալիս էին Գանձասար ու իրեն չէին տեսնում՝ տխուր էին հեռանում։ Armenia Today-ը պատմում է, որ ամենաշատ հյուրերն ունենենում էր Մայիսի 9-ին, երբ մեծ շուքով եռատոն էին նշում։
«Ամեն օր գնում էի Գանձասար, բոլորին ուրախացնում։ Ով գալիս էր ու ինձ տեսնում էր, ուրախանում էր։ Գալիս էին Ամերիկայից, Եվրոպայից, ինձ հետ նկարվում էին։ Երգում էի, պարում էի, բոլորին ուրախացնում»,- պատմում է Գրիշան։
Գրիշան Եղնիկին կարողացավ Ստեփանակերտ հասցնել, բայց Հայաստան բերել չհաջողվեց․ նրանք բաժանվեցին․ Գրիշան ամենամոտ ընկերոջը մեծ ցավով թողեց Ստեփանակերտում։
«Ձիուն բերեցի Ստեփանակերտ, հետո մեքենա չկար․․․ Թողեցի այնտեղ, ես եկա․․․»,- ասում է նա։
Եղնիկի մասին անցյալով չի խոսում, բայց Եղնիկի նման նոր ձիու մասին է երազում։
«Հիմա ուզում եմ մի ձի վերցնել, մի տեղ էլի ժողովրդին ուրախացնենք»,- նշում է Գրիշան։
63-ամյա Գրիշան ամուսնացած չէ, մեկ սենյակում քրոջ 3 հոգանոց ընտանիքի հետ է ապրում։ Մինչ օրս պետությունից միայն 150 հազար դրամ է ստացել, ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Սենյակում ապրելու տարրական կենցաղային պայմաններ չկան։
«Ամեն ինչ թողել ու եկել եմ։ Գումարս էլ չեմ հասցրել վերցնել։ Ու չգիտեմ՝ 150 հազար դրամով ինչ անել։ Սննդի, անգամ անկողնու խնդիր ունենք։ Ներքնակն այնքան չոր է, չեմ կարողանում քնել, տպավորություն է՝ ասեղներ են տակը»,- պատմում է նա։
Գրիշան Գանձասարում ծնողների գերեզմանները, սիրելի տունն է թողել։ Կարոտով է հիշում հյուրերին, հպարտանում, որ աշխարհին Արցախի մասին նաև իր միջոցով էին պատմում։ Արցախում Գրիշան ամեն ինչ է թողել, ասում է՝ մեկ պայմանով է պատրաստ վերադառնալ հայրենիք։
«Ես կգնամ, բայց որ թուրքի իրավունքի տակ է, ես չեմ կարողանա։ Ո՞նց գնանք թուրքի հետ ապրենք, երբ թուրքը մեր երեխաներին է մորթում»,- նշում է Գրիշան։
Գրիշային սեպտեմբերի 19-ին մի պահ թվացել է, թե երազ է տեսնում։ Հետո հասկացել է, որ իրականության մեջ է, թշնամին հարձակվել է։ Իր սեփական աշխարհում ապրող Գրիշան հիմա էլ հույսը չի կորցնում։ Հավատում է, որ մի օր նորից կկարողանա մարդկանց ուրախացնել։ Հիմա ուզում է հայտնվել մի երազում, ուր նորից Արցախում է, Գանձասարում երգում է, պարում, կողքին Եղնիկն է ու նորից՝ եռատոն։
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
Աննա Բադալյան