Արցախի քաղաքական և հասարակական մի շարք գործիչների հրավիրում են ԱԱԾ և տաբեր հարցեր տալիս՝ փորձելով հոգեբանական ճնշմամբ վախեցնել, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«ԱԱԾ թիրախում են հայտնվել այն արցախցիները, որոնք վերջին օրերին հրապարակային հայտարարություններ ու գրառումներ են անում Արցախը լուծարելու անհնարինության կամ Արցախի նախագահի հայտնի որոշման ոչ իրավականության մասին»,- հայտնում է պարբերականը:
Թերթի աղբյուրները նշում են, որ ԱԱԾ հրավիրվածների թվում են Արտակ Բեգլարյանը, Շահրամանյանի նախկին խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:
Դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր հանրապետության իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ գոյություն ունի Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը (ըստ որի՝ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից) չեղարկող փաստաթուղթ։
Դեկտեմբերի 11-ին Բեգլարյանն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ Արցախի Հանրապետության պետական մարմինները պետք է շարունակեն գործել, այս տեսանկյունից որևէ զիջում չպետք է լինի:
Արցախի իշխանությունները սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո, ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ։