Մենք այնքան էլ հեռու չենք խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնությունից, The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ երկու կողմերը փոխանակվել են խաղաղության համաձայնագրի 7 նախագծերով: Նրա խոսքով՝ Բաքուն այժմ ակնկալում է Ադրբեջանի ուղարկած վերջին առաջարկների վերաբերյալ Հայաստանի պատասխանին։
«Բանակցությունների վճռական փուլում ենք, և մենք այնքան էլ հեռու չենք վերջնական համաձայնությունից»,- հայտարարել է նա։
Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկները։ Նույն օրն ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները։
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը փոխանցել է խաղաղության պայմանագրի առաջարկները և սպասում է Ադրբեջանի պատասխանին։