Հանդիպումներ ունեցել եմ Սամվել Շահրամանյանի հետ, բայց ինչ վերաբերում է խորհրդականի ասածին, ապա նա հղում է կատարել հոկտեմբերին ստորագրած բոլորովին այլ փաստաթղթի, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հույս է հայտնել, որ Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն օգուտ կբերի հայ ժողովրդին և չի խայտառակի իրեն:
«Բոլոր պարագաներում՝ Սամվել Շահրամանյանը կգտնի լուծում, որը կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել հանրապետությունը: Այդպիսի նախադեպ չի եղել ու չի էլ կարող լինել»,- ընդգծել է Սարգսյանը:
Դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր հանրապետության իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ գոյություն ունի Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը (ըստ որի՝ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից) չեղարկող փաստաթուղթ։
Դեկտեմբերի 11-ին Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ Արցախի Հանրապետության պետական մարմինները պետք է շարունակեն գործել, այս տեսանկյունից որևէ զիջում չպետք է լինի:
Արցախի իշխանությունները սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո, ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։