Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
Նշվում է, որ դեռևս 2020թ․ ապրիլի 13–ին իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ նշված բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը 2006-2015թթ․ զբաղեցրած Տ․Տ․-ն, և 2015–2016թթ․ նույն պաշտոնն զբաղեցրած Հ․Բ․-ն իրենց պաշտոնավարման ընթացքում օժտված լինելով առևտրային կազմակերպությունում կառավարչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ, ԲԿ գլխավոր հաշվապահի կողմից կազմած, իրականությանը չհամապատասխանող ֆինանսատնտեսական փաստաթղթի հիման վրա պետության հանդեպ շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկման խախտման արդյունքում գոյացած առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու դիտավորությամբ, օրենքով սահմանված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ ներառելու, ինչպես նաև հաշվարկներ չկազմելու և հաշվառման վայրի հարկային տեսչություն չներկայացնելու եղանակով խուսափել են առանձնապես խոշոր չափի, համապատասխանաբար, 198.921.594 ՀՀ դրամ և 91.576.096 ՀՀ դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:
Արդյունքում՝ բժշկական կենտրոնի տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 299.255.008 ՀՀ դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, որը ատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)։ Նրանց պատկանող գույքի վրա՝ համապատասխան չափերով, դրվել է կալանք:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։