ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային և վարկային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով Կենտրոնական բանկի գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը։
«Մեր բանկային համակարգը տպավորիչ ցուցանիշներ ունի, մասնավորապես, 2023թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելը ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ: Այս ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է գրեթե 84 մլրդ դրամով, 1,51 տոկոսով, 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ 13,46 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ ավանդային պորտֆելն, ըստ էության, կրկնապատկվել է՝ աճը 95 տոկոսից ավելի է:
Մեր բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը նույնպես ռեկորդային ծավալ է արձանագրել՝ նոյեմբերի դրությամբ՝ 5 տրիլիոն 365 մլրդ 604 մլն դրամ, որը նորից հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է 2,2 տոկոսով, նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշին՝ 21,3 տոկոսով, իսկ 2018թ. նոյեմբերի ցուցանիշին՝ ավելի քան 57 տոկոսով»,- նշել է նա՝ արձանագրելով, որ ընդհանուր ավանդային պորտֆելն ընդհանուր վարկային պորտֆելին գերազանցում է 253 մլրդ դրամով։
Վարչապետը նշել է նաև, որ այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թվաքանակը կազմել է 4 մլն 442 հազար 950 մարդ, որը 2022թ. նկատմամբ աճ է գրանցել 19,3 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 65,7 տոկոսով, իսկ Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների հաշիվների ընդհանուր քանակը կազմել է 8 մլն 995 հազար 422, որը 2022թ. նկատմամբ ավելի է 22 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 78 տոկոսով:
«Այս ցուցանիշները տպավորիչ են և նաև այն որոշումներին զուգընթաց, կապիտալի ավելացման, որի մասին ԿԲ նախագահը նշեց, մեր բանկային համակարգի կայունության պաշարը որոշակիորեն մեծացել է, ինչը շատ կարևոր հանգամանք է տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու համար: Այն փաստը, որ ավանդային պորտֆելը վարկային պորտֆելից շատ ավելի մեծ է, նաև հույս է ներշնչում, որ մյուս տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճի նպաստելու առումով բանկային համակարգը դեռ որոշակի պոտենցիալ ունի: Այստեղ պետք է մեր բիզնես հատվածը, իրական հատվածը կենտրոնանա ծրագրերի որակի վրա, որպեսզի նաև հետաքրքրություն առաջացնի բանկային համակարգում»,- հավելել է նա: