Ամերիկաբնակ հայազգի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Իսրայելի իշխանություններին կոչ է արել պաշտպանել Երուսաղեմում բռնության ենթարկված հայերին։
«Բնիկ հայերի, այդ թվում՝ հոգևորականների դեմ իրականացվող նողկալի ահաբեկչությունները, որոնցով նրանց դուրս են մղում իրենց պապենական հողերից, անմարդկային են հատկապես երկրում աննախադեպ բռնությունների այս օրերին: Իսրայելի իշխանություններն այժմ պետք է պաշտպանեն տուժողներին»,- X-ի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ Երուսաղեմի hայոց պատրիարքությունը հայտնել էր, որ մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են Երուսաղեմի հայկական համայնքի վրա։ Ավելի ուշ հրապարակվել էին Երուսաղեմում ձերբակալված հայերի անունները։
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: