Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Միսակ Բալասանյան հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Բալասանյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ իշխանությունները պաշտոնից հետ են կանչել «Բալասանյան» դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանի ավագ որդուն՝ Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանին, որն այդ պաշտոնում նշանակվել էր այս ամռանը: Թերթը նշել էր, որ իշխանությունները որոշել են կոշտ ձևով ու ճնշումներով հաշիվներ մաքրել Գյումրու ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքի հետ:
«Թեև այդ դաշինքը ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրով իշխում էր Գյումրիում, սակայն օրեր առաջ ՔՊ-ն հայտարարել էր, որ Գյումրիում միակողմանի խզում է կոալիցիան «Բալասանյան» դաշինքի հետ։ Ըստ նրանց՝ պատճառը ստվերային կառավարումն է ու պայմանավորվածությունների խախտումը: Թե ինչ ստվերային կառավարում է իրականացվել, ՔՊ-ից այդպես էլ չեն հստակեցրել»,- գրել էր թերթը: