ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նա համոզմունք է հայտնել, որ բարեկամական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը և բազմակողմ կառուցողական համագործակցությունը բխում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերից։
Պուտինը շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նշել, որ անցած տարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները շատ հաջող են զարգացել, և առաջնորդների կանոնավոր հանդիպումները նպաստել են տարբեր ոլորտներում փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նա հույս է հայտնել, որ կշարունակվեն համատեղ արդյունավետ աշխատանքները ինչպես երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, այնպես էլ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման նպատակով։
Նույն հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների առաջնորդներին, այդ թվում՝ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիային, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևին, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևին, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեին, Բրազիլիա նախագահ Լուիս Լուլա դա Սիլվային, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Տրոնգին և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Վո Վան Թունգին, Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին և բանակի գեներալ Ռաուլ Կաստրոյին, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթիին, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգային, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային։
Կրեմլից տեղեկացնում են, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք Ամանորի կապակցությամբ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Սերժ Սարգսյանին, Նիկոլա Սարկոզիին, Գերհարդ Շրյոդերին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների Ամանորն ու Սուրբ ծնունդը