2022-ին, երբ դիմեցինք ՀԱՊԿ-ին, այդ պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, ՀԱՊԿ զորակազմն իսկապես խաղաղապահ էր և զսպող գործոնի դեր խաղաց ողբերգական օրերին, Egemen Qazaqstan-ին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել։ Հայկական զորախումբը հսկում էր «Ակսայ» քաղաքային ջրատարը և հացի կոմբինատը, բելառուսականը՝ Ժետիգենի օդանավակայանը, տաջիկական և ղրղզական զորախմբերը՝ համապատասխանաբար Ալմաթի քաղաքի ՋԷԿ-1-ը և ՋԷԿ-2-ը, ռուսականը՝ ՋԷԿ-3-ը և հեռահաղորդակցության օբյեկտները։ Կենսապահովման օբյեկտներում ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքներ են եղել, այդ իսկ պատճառով զորակազմն ուղարկվել է հենց այնտեղ»,-ասել է Տոկաևը։
Նա ընդգծել է, որ այդ օժանդակության արդյունքում իրենց ուժերը հնարավորություն են ստացել հակաահաբեկչական գործողություն իրականացնել։
Մեկ տարի առաջ՝ 2022-ի հունվարին, Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, որոնք մի քանի օրից վերաճել են զանգվածային անկարգությունների և ջարդերի: Դրանք ուղեկցվել էին ոստիկանների, զինվորականների և իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի բազմաթիվ քաղաքներում, առաջին հերթին՝ Ալմաթիում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումից հետո ՀԱՊԿ-ի երկրները խաղաղապահներ էին ուղարկել Ղազախստան: Խմբավորման կազմում ընդգրկված էին Հայաստանի, ՌԴ-ի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։