Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների շրջանառած տեղեկությունները, թե Հայաստանում Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտել է սահմանային Արաքս գետը, հայտնում է Tasnim-ը։
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության տեխնիկական հաշվետվության և ստուգողական միջոցառումների արդյունքում հերքվել է մտահոգությունն առ այն, որ Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետը կարող է աղտոտվել։
2022 թվականի օգոստոսին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ «Մեծամորի ատոմակայանը օրական Արաքս գետ է թափում 12 000-16 000 խմ ռադիոակտիվ թափոն»։ Գրել էին, որ ատոմակայանը «բնապահպանական վտանգ է ներկայացնում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Ղազախստանի համար»։