Բաքուն հույս ունի, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Երևանի հետ բանակցությունների հաջորդ փուլը, Էստոնիայի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը, կվերսկսվի խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկումը, որը կազմվել է Ադրբեջանի կողմից և առաջին անգամ Հայաստանին է փոխանցվել ավելի քան մեկ տարի առաջ»,-հայտարարել է Ամիրբեկովը։
Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկները։ Նույն օրն ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները։
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը փոխանցել է խաղաղության պայմանագրի առաջարկները և սպասում է Ադրբեջանի պատասխանին։