Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. մայիսին:
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին, որի համար հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ: Շրջայցի ընթացքում վարչապետն արձանագրել է տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև Մեդովկա բնակավայր, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր կառուցված մոդուլային հիմնական դպրոցում իրականացված աշխատանքներին: Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ: Վարչապետն այստեղ հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Այստեղ ես խնդիր եմ տեսնում, պարոն Ղուլարյան, մեր ծրագրերի կառավարման հետ կապված: Որ կողմ նայում եմ՝ պրոբլեմ կա: Մենք չենք կարող երեխաների առաջ կանգնել, երեխաների աչքերի մեջ նայել, ասել՝ դպրոցը կառուցել ենք, շնորհավոր, գնացինք: Դպրոցը չենք կառուցել: Սա, կներեք արտահայտությանս, կիսատ աշխատանք է: Եվ ես այս պահին այլ բան ասելու առիթ չեմ տեսնում: Պետք է որակի հետ կապված խնդիրը լուծվի: Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել»,- ասել է նա:
Դպրոցում սովորում է ավելի քան 50 աշակերտ, սակայն այն նախատեսված է 144 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին: Տաշիրում վարչապետը ծանոթացել է բժշկական կենտրոնի շինարարության ընթացքին: Կառավարությունը 30 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոնի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 697 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2025-ին:
Նիկոլ Փաշինյանը եղել նաև Հագվի բնակավայրում, որտեղ ևս կառուցվել է հիմնական դպրոցի տիպային (մոդուլային) շենք: 144 տեղ հզորությամբ դպրոցի կառուցման արժեքը կազմել է ավելի քան 756 մլն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2020թ․նոյեմբերին։ Դպրոցն ունի կահավորված խաղահրապարակ, արևային ֆոտովոլտային կայան։ Իրականացվել են նաև բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ։
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր դպրոցի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկուշաբթի օրվանից աշակերտները կհաճախեն նորակառույց դպրոց, բայց Կառավարությունը չի համարի, որ աշխատանքներն ավարտել են:
«Կարծում եմ, որ ընդհանրապես մեր կյանքում, և հատկապես՝ դպրոցներում, պաթոսը պետք է մի փոքր թուլացնենք և կենտրոնանանք գործի և աշխատանքի վրա, որովհետև երբեմն մենք էլ չենք նկատում, որ պաթոսն օգտագործվում է չարված աշխատանքը ծածկելու համար: Իրականում այդքան էլ լավ օրից չէ, որ որոշել եմ՝ որտեղ դահլիճ, դպրոց կառուցվի՝ պետք է անպայման գնամ, տեսնեմ, որովհետև զգում եմ, եթե չգնամ, տեսնեմ, այնպես չէ, որ իմ գնալ, տեսնելով կատարելության կհասնենք, բայց առնվազն իմ չգնալ, չտեսնելով կատարելության ճանապարհներին հաստատ կմոլորվենք: Ձևին ավելի շատ ենք ուշադրություն դարձնում, քան բովանդակությանը: Եվ ես չեմ կարող ուղղակի չնկատելու տալ, որ այսպես է: Մեդովկայի դպրոցի համեմատ այստեղից տպավորությունը մի փոքր ավելի լավ է, բայց թերությունները բազմաթիվ են: Ք՞իչ ենք ֆինանսավորում: Եթե քիչ ենք ֆինանսավորում, իմանանք քիչ ենք ֆինանսավորում: Այս դպրոցի համար 780 մլն դրամ է հատկացվել»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ տեսչական ստուգումներ են իրականացվում և տեսանելի է, որ դպրոցներում ուսումնառության վիճակն այդքան էլ լավ չէ: Իհարկե, դա կապված է նաև շենքային պայմանների հետ:
«Մեր երեխաներին պետք է ճիշտ ուղերձ տալ: Երեխան պետք է առաջին հերթին զգա հարգանք իր նկատմամբ: Պետք չէ իր գլխին ճառ կարդալ: Երբ մենք ճիշտ ճարտարապետություն դնենք և՛ քաղաքաշինական, և՛ բովանդակային, և՛ կրթական, երեխան ուզած-չուզած լավ պիտի սովորի: Միջավայր պետք է ձևավորել: Շատ եմ ուզում դիմել նաև մեր ուսուցիչներին: Ուսուցչի դերն առանցքային է: Այսինքն՝ եթե ուսուցիչն այս տրամաբանության մեջ չեղավ, մենք խնդիրներ կունենանք»,- ասել է նա:
Վարչապետը պատասխանատուներից պահանջել է լինել հետևողական և բոլոր խնդիրներին տալ համապատասխան լուծում:
Նշվում է, որ կառավարության ղեկավարը ծանոթացել է Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. հունիսին։ N 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:
Վարչապետը Վանաձորում ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: