Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը, հայտնում է Monument watch-ը:
Ըստ կայքի տվյալների՝ մինչ ադրբեջանական բռնազավթումը աղբյուր-հուշարձանը կանգուն էր, իսկ կենտրոնում և հուշարձանին կից կանգնեցված էին 2 խաչքարեր: Տարածքի բռնազավթումից հետո արված լուսանկարից պարզ է դառնում, որ ոչնչացված են խաչքարերը, իսկ հուշարձանի ամբողջականությունը խաթարված և ներկերով պղծված: Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել և հուշարձանի տարածքում պետք է կառուցվի հանգստի գոտի։
Monument watch հարթակն ընդգծում է, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար:
Նաև նշում են, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»:Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ միջազգային հանրության անգործության պայմաններում։ Նոյեմբերի 23-ին Monument watch-ը հայտնել էր, որ Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի՝ Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը, «պեղումներ» էր սկսել Տիգրանակերտի Արքայական աղբյուրների շրջակայքում, որը հայկական արշավախմբի կողմից պեղվել էր 2011թ․:
Armenia Today-ը մեկտեղել էր Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման մասին իրեղեն ապացույցներ: