Ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը, նշվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի և Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարության մեջ:
Պատգամավորները Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին։
Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ ընդդիմադիր պատգամավորները վերահաստատել են, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում իրենց կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են:
Դեկտեմբերի 8-ին ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել էին «Խաղաղության պայմանագրին» և հայտարարել դրա վտանգավորության մասին: Առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- ասված էր պատգամավորների հայտարարության մեջ: