Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ և արձանագրել է թերություններ ու խնդիրներ:
Այցելելով դպրոցի մարզադահլիճների սանհանգույցները՝ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին խնդրեց ստուգել՝ արդյոք դպրոցի համար գնված ապրանքների գինը համապատասխանում է տեխնիկական բնութագրում նշվածին։ «Տիկին Անդրեասյան, սա վերցրեք, տեսեք՝ տեխնիկական բնութագրում ինչ գնանաոց է տրված ու ինչ արժե շուկայում: Ամենայն լրջությամբ եմ ասում»,- ասաց նա՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին մեկնելով լոգարանի ցնցուղը: Ցնցուղը վերցրեց Տարածքային կառավարման և ենթակաուռցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Այո, սա Ձերն ա, դուք վերցրեք»- ավելացրեց Փաշինյանը:
Փաշինյանը ձգել, այս ու այն կողմ է շարժել ծորակները՝ ասելով «երեխաներ են չէ օգտագործելու սրանք»: Այցի ընթացքում վարչապետը ստուգել է նաև կախիչների ամրությունը։ Բացի այդ, Փաշինյանը զննել է դպրոցի վերանորոգված մարզադահլիճը՝ պաշտոնյաներից հետաքրքրվելով վոլեյբոլի ցանցի ամրացման մասին։ Նա ասել է, որ «հետևողական և խիստ մոտեցում» է անհրաժեշտ դպրոցների նոր մարզադահլիճների ու դասասենյակների խնդիրները լուծելու համար:
Հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Շրջայցի ընթացքում մի շարք նորակառույց մարզադահլիճներում ու դպրոցներում վարչապետն արձանագրել էր բազմաթիվ բացթողումներ: Հաջորդ օրը կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեցին պաշտոնից: