ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը խոստացել է օգնել Արցախի նկատմամբ հայկական ինքնիշխանության վերականգնմանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ Արցախի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը խաղաղ ճանապարհով վերականգնելու համար»,- ասել է քաղաքական գործիչը Հարավային Կալիֆոռնիայում ելույթի ժամանակ։
Քենեդի կրտսերը խոստացել է պետքարտուղարությունում նշանակել անձի, ով պատասխանատու կլինի Հայաստանին աջակցելու և շուրջ 120 հազար արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղ իրենց տները վերադարձնելու գործընթացների համար։
«Մենք լծակներ ունենք Թուրքիայի վրա, մենք լծակներ ունենք Ադրբեջանի վրա, քանի որ մեր նավթարդյունաբերությունն այնտեղ շատ ակտիվ է»,- նշել է թեկնածուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ծրագրում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
2023 թվականի դեկտեմբերին Քենեդի կրտսերը հայտարարել էր Միացյալ Նահանգների կառավարության կողմից արցախահայության ինքնորոշման իրավունքին աջակցելու և նրանց անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին դատապարտել էր Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական օգնություն տրամադրելը։