Բնապահպանները դատապարտել են ՄԱԿ-ի COP29-ն ընդունող Ադրբեջանի որոշումը՝ հաջորդ տասնամյակում հանածո վառելիքի արտադրությունը մեկ երրորդով ավելացնելու վերաբերյալ, հաղորդում է The Guardian-ը:
«Քանի որ մենք մոտենում ենք կլիմայի կտրուկ փոփոխության, մեզ խնդրում են մեր ապագան դնել նավթային Ադրբեջանի ձեռքում, որն աջակցում է խոշոր նավթային ընկերություններին և ավելացնում է գազի արդյունահանումը: Մեզ պետք է, որ կլիմայական քաղաքականության մշակումը ղեկավարվի կլիմայի առաջնորդների կողմից, այլ ոչ թե այն երկրների, որոնք շահագրգռված են նավթից և գազից աշխարհի կախվածության մեջ»,- թերթին ասել է «Global Witness» իրավապաշտպան կազմակերպության ավագ ակտիվիստ Դոմինիկ Իգլթոնը:
Հաջորդ տասնամյակը, որի ընթացքում Բաքուն մտադիր է տարեկան 12 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել գազի արդյունահանումը, համարվում է վճռորոշ ժամանակաշրջան, որի ընթացքում համաշխարհային առաջնորդները, ընդհակառակը, պետք է գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար կրճատեն արդյունահանումը, ընդգծել է The Guardian-ը։
Ըստ Rystad Energy-ի վերլուծաբանների՝ Բաքուն առաջիկա 10 տարիների ընթացքում կարտադրի 411 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կհանգեցնի 781 միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետման։ Այս ցուցանիշն ավելի քան երկու անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի տարեկան արտանետումները: Վերլուծաբանները նաև կանխատեսում են, որ գազի տարեկան արդյունահանումն այս տարվա մոտ 37 միլիարդ խորանարդ մետրից 2033 թվականին կհասնի տարեկան 49 միլիարդ խորանարդ մետրի: Պարբերականը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը COP29-ի նախագահ է նշանակել նավթագազային պետական ընկերության նախկին ղեկավար Սոկար Մուխթար Բաբաևին։
The Guardian-ը նաև հիշեցրել է, որ բրիտանական նավթի և գազի British Petroleum (BP) ընկերության հանածո վառելիքի նախագծերն էին Ադրբեջանում ֆինանսավորել ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում և տեղի հայերի էթնիկ զտումները:
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը աջակցություն էր հայտնել COP29-ի համաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունը հանածո վառելիքից կախված Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ: Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և մի շարք այլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ին հյուրընկալելուն: Ալիևն ավելի վաղ հայտարարել էր մինչև 2027 թվականը Եվրոպա բնական գազի մատակարարումները կրկնապատկելու պլանների մասին: