Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու և հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար:
ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է նաև մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները:
Հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի մահվան մասին։ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Կարապետյանին, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում է հասցրել մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր մեկ օրվա ընթացքում 2-րդ զինվորականի մահվան մասին։