Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, հայտնել է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝ որոշման մասին հաշված թվով մարդիկ գիտեն։
Armenia Today-ին նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ այդ թեմայով մեկնաբանություն չեն տալիս։
Որոշումն, ըստ թերթի, Արցախի նախագահը ստորագրել է դեկտեմբերի 10-ին, պատճենն ուղարկվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա չի պատրաստվում այն հրապարակայնացնել, որպեսզի խուսափի ՔՊ ներկայացուցիչների հետագա շահարկումներից։
«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար Սամվել Շահրամանյանն իր ստորագրած որոշումը չեղարկելու նոր որոշում է ընդունել, սակայն այդ մասին չեն պատրաստվում հրապարակային հայտարարել՝ հաշվի առնելով իրենց հնարավոր ակտիվանալու պարագայում հայաստանյան իշխանությունների սպառնալիքները և շահարկումները, թե դրանով վտանգելու են ՀՀ անվտանգությունը և խոչընդոտելու են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին»,- գրել է թերթը։
Լրատվականի աղբյուրն ասել է, որ Շահրամանյանը որոշում ունի առժամանակ լռություն և քաղաքական պասիվություն պահպանել, փոխարենը որոշակի ակտիվություն կդրսևորի Արցախի խորհրդարանը՝ պատգամավորները, որոնք անցած տարեվերջին գաղտնի նիստ էին հրավիրել և Արցախի հարցով հանձնախումբ ստեղծելու որոշում կայացրել։
Armenia Today-ը կապ հաստատեց նախագահի աշխատակազմի հետ, որտեղից հայտնեցին, որ թեմայով մեկնաբանություն չեն տալիս։
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ էր ունեցել ադրբեջանական կողմի հետ և հայտարարություն տարածել, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչև հունվարի 1-ը կլուծարվեն նաև պետական բոլոր կառույցները։