Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն «կտրականապես համաձայն չէ» Երևանի առաջարկին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Անցյալ դարի 70-ականների քարտեզներով ադրբեջանա-հայկական սահմանը սահմանազատելու Հայաստանի և միջազգային այլ դերակատարների առաջարկն Ալիևը բացատրել է «օգուտ քաղելու մտադրությամբ», քանի որ մինչ 20-րդ դարը, ըստ նրա, ադրբեջանական. հողեր են փոխանցվել Հայաստանին, վերջին անգամ՝ 1969 թվականի մայիսին։
«Մինչ այս պահը մեր հողերը փոխանցվում էին Հայաստանին, այն էլ՝ մոտ 100 հազար քմ. կմ․՝ նկատի ունեմ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքը, այն նվազել է մինչև 86,6 հազար քառ. կմ. Այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են հիմք ընդունել 1970-ականների քարտեզները»,- Ալիևին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ ելակետը պետք է լինի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման կամ խորհրդայնացման շրջանը։
«Հանձնաժողովի (սահմանազատման հարցով – խմբ.) աշխատանքն ակտիվացնելու համար պետք է ստեղծվեն փորձագիտական խմբեր։ Թող շրջեն այդ վայրերով և որոշեն սահմանը, որովհետև այսօր մեր սահմանը պայմանական է»,- հավելել է Ալիևը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի հունիսին հայտարարել էր, որ միջազգային հանրության և Հայաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և դրա հետագա սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի օգտագործման հարցում համընկնում են։ Նա նշել էր, որ այս հարցում Երևանի և Բաքվի միջև վերջնական պայմանավորվածություն չկա։ Միաժամանակ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը որևէ առարկություն չի ներկայացրել 1975թ. քարտեզներով սահմանազատմանը։