ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը՝ հայտարարելով, որ ամեն ինչի հիմքում հիմնականում անհանդուրժողականության մթնոլորտն է և արատավոր բարքերի ներմուծումը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Բանակի ղեկավարությունը պետք է առաջին հերթին ինքը հրամանատարների հետ ծառայողական քննություն անցկացնի, որովհետև հրամանատարը ևս նախաքննական մարմին է: Պետք է փորձեն պարզել այդ ամենի դրդապատճառները: Պետք է համապատասխան աշխատանքներ տանեն բոլոր քննչական մարմիններն ու իրավապահները»,- հավելել է նախկին նախարարը։
Նա շեշտել է, որ աշխատանքի ընթացքում նրանք պետք է փոխլրացնեն իրար, ինֆորմացիա տան մեկը մյուսին, համատարած աշխատանքի արդյունքում կանխեն մահերը, կանխարգելեն արատավոր բարքերը բանակում:
Օհանյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո պետությունը դանդաղ է վերականգնում իր մարտունակությունը:
«Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ չի գնահատում իրավիճակն ու անվտանգության միջավայրը տարածաշրջանում: Դրանից ելնելով էլ չեն կարողանում որոշել, թե որն է առաջնահերթությունը: Ինչպես 2018 թվականից հետո բանակի հանդեպ պատասխանատվությունն իջեցրին կենցաղային մակարդակի, այնպես էլ հիմա են անում»,- գրում է թերթը։
Հունվարի 9-ին ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՔԿ-ն հայտնել էր, որ Կարեն Կարապետյանին, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում է հասցրել մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, որին ձերբակալել են։
Նույն օրը՝ հունվարի 9-ին, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Միքայել Դանիելյանի մահվան պատճառը ՔԿ-ն չի հայտնել, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։