Քննչական կոմիտեն հայտնել է հունվարի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության մեջ կասկածվող Ն․Խ․-ի կալանավորման մասին։
ՔԿ-ն նաև մանրամասներ է հաղորդել Կարապետյանի սպանության շարժառիթների մասին։ Գերատեսչության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից Ն․Խ․-ի միջև վիճաբանության հետևանքով՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ:
«Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Ն․Խ․-ն նույն օրը ձերբակալվել է»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կասկածյալի նկատմամբ ՔԿ-ն հարուցել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացրել մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ)։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է:
Հունվարի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նույնը օրը ՔԿ-ն հայտնել էր Կարապետյանի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին։
Նույն օրը՝ հունվարի 9-ին, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Միքայել Դանիելյանի մահվան պատճառը ՔԿ-ն չի հայտնել, դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 9-ին բանակի տարբեր զորամասերում սպանված Կարեն Կարապետյանի և Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին, նշել էր, որ պատճառներից մեկը սպայական կազմի կրթության մակարդակի ցածր լինելն է: