ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությանը և հայկական կողմի անելիքներին:
– Ինչպե՞ս եք, ընդհանուր առմամբ, գնահատում Ալիևի հայտարարությունները:
– Ադրբեջանի նախագահն իր այս հարցազրույցում շատ ավելի կոնկրետ խոսում էր այնպիսի հարցերի մասին, որոնց հետ կապված ամբողջական պատկեր չկար: Այսինքն՝ կային կանխատեսումներ, վերլուծություններ, որոշակի ռիսկեր, բայց Ալիևը շատ պարզ էր խոսում, ավելի քան երբևէ:
Իրավիճակը շատ ավելի սպառնալից է այն համատեքստում, որ Հայաստանից արձագանք չեղավ: Իսկ արաձագանք չլինելը ես ընդունում եմ իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի իշխանություններն ըստ էության՝ համաձայնություն են տալիս Ալիևի այն մեկնաբանություններին ու բնութագրումներին, որոնք կան Հայաստան-Ադրեջան հարաբերություններում՝ դա վերաբերի դելիմիտացիա-դեմարկացիային, ընդհանուր մոտեցումներին, թե միջանցքի հետ կապված գաղափարին: Ըստ էության, Ալիևը նկարագրեց այն, ինչ իրականում կա բանակցային գործընթացում: Իսկ դա նշանակում է, որ ոչ թե մեծ առումով տեղի է ունենալու դելիմիտացիա և դեմարկացիա՝ միջազգային ամրագրված հիմունքներով կամ սկզբունքներով, այլ բացառապես ադրբեջանական պատկերացումներով:
Շատ ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայսատանի իշխանության տարբեր դեմքեր այս թեմայի հետ կապված կարծես թե որևէ ակտիվություն չեն դրսևորում՝ կա՛մ որոշակի վախվորած հայտարարություններ են անում, կա՛մ փորձում են իրավիճակը խեղաթյուրել:
– Կարելի՞ է ասել, որ որոշ ոլորտներում եղել է Բաքվի դիրքերի խստացում, և եթե այո, ապա ինչի՞ հետ կարող է դա կապված լինել:
– Չէի ասի, որ դա կոշտացում է: Այն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո արտացոլված է, և այդ տրամաբանությունն այս երեք տարիներին շարունակվում է: Ադրբեջանն այն թեմաների շուրջ երբ նկատում է, որ հայաստանյան իշխանությունները մի փոքր այլ վերաբերմունք ունեն կամ իրավիճակն այլ ձևով են ներկայացնում, փորձում է որոշակի ճշգրտումներ մտցնել: Ադրբեջանական օրակարգն այս երեք տարիներին անընդհատ ընդլայնվել է, նոր պահանջներ են առաջ եկել և այն, որ Ադրբեջանն այս փուլում հայտարարում է արդեն երկկողմ ձևաչափի մասին, ադրբեջանական հերթական ցանկությունն է, որը կարծես թե որոշակի համաձայնություն է ստացել նաև Հայաստանից:
– Իսկ ի՞նչ է ենթադրում երկկողմ ձևաչափը, ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար միջնորդները, որից այս դեպքում կարող ենք զրկվել:
– Միջնորդական առաքելությունը, որպես կանոն, որոշակի բալանսի հանրավորություն է ստեղծում: Այս պարագայում Հայաստանն ու Ադրբեջանը եթե երկկողմ ձևաչափով բանակցեն, բնականաբար Ադրբեջանն ունի մի քանի քայլ ավել դիրքային առավելություն, որովհետև Հայաստանին ջախջախելը Հայաստանի իշխանություններին բերել, մտցրել է փակուղի: Եվ Ադրբեջանն ինչ ուզում, դա էլ հայտարարում և իրականացնում է․ կարողանում է՝ խաղաղ ճանապարհով, այդ պահին չի ստացվում՝ ուժի միջոցով: Բնականաբար, երկկողմ ֆորմատում որևէ ձևով հայկական շահերի արտացոլում ստանալը բացառվում է:
– Որքանո՞վ է հավանական, որ մոտ ապագայում համաձայնագիր կստորագրվի՝ հաշվի առնելով Բաքվի դիրքորոշումը, որն ամենաառանցքային հարցերում հակասում է Երևանի հայտարարություններին։
– Կախված է նրանից, թե այդ համաձայնագրում ինչ է տեղ գտնելու: Օրինակ, եթե տեղ չեն գտնելու դեմարկացիան ու դելիմիտացիան, տեղ չեն գտնելու կոմունիկացիաների վերաբացման և վերագործարկման հետ կապված հարցերը, որոնց շրջանակներում Ադրբեջանը միջանցքի գաղափարն է առաջ մղում, դրանցից դուրս կարող է տեղի ունենալ փաստաթղթի ստորագրում, որը կլինի հռչակագրային, որոշ սկզբունքներ միգուցե դրանով կարտացոլվեն, բայց իրական հարցերը, բնականաբար, որևէ ձևով տեղ չեն գտնի այդ փաստաթղթում:
Իսկ վերջին մեկ ամսվա իրադարձությունները ցույց են տալիս, որ կողմերը, մեծ հաշվով, գնում են այդ ճանապարհով: Այսինքն՝ այս պայմաններում միգուցե հայտարարվի, բոլորը ծափահարեն, միջազգային տարբեր դերակատարներ ողջունեն խաղաղության ձգտելու ցանկությունը, որը գուցե ինչ-որ փաստաթղթով կամրագրվի, բայց հիմնական խնդիրները, որոնք առկա էին և մեծ առումով տարածքային պահանջներ են նաև շոշափում՝ մնալու են զուգահեռ հարթությունում: Իսկ այդ հարցերը չլուծելն ինչ-որ փուլում կարող է բերել ռազմական գործողությունների:
– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմն այս իրավիճակում, որ չի անում:
– Հայաստանի այս իշխանության հետ կապված չեմ կարծում, թե ինչ որ լայն, բովանդակային ձևով պետք է ներկայացնել այն, ինչ պետք է աներ այս իշխանությունը: Եթե 5-6 տարի չի արել, բնականաբար, սպասելիքներ չկան: Այս իշխանությունը մի կողմից գաղափարական և բովանդակային առումով լրիվ այլ պատկերացումներ ուներ կոնֆլիկտի կարգավորման հետ կապված, դա զիջումներն էին, որոնք ինչ-որ փուլում իրենց պետք է բերեին խաղաղության, բայց, իրականում, դա բերեց ոչ թե խաղաղություն, այլ նորանոր զիջումներ և օրակարգեր։ Որքան գնում ենք զիջումների ճանապարհով, այնքան հեռանում ենք խաղաղությունից: Երկրորդը՝ այն մարդիկ, ովքեր բանակցում են, նույնիսկ մեծ ցանկության դեպքում ի վիճակի չեն Հայաստանի շահերը նեկայացնել և, բնականաբար, բանակցային գործընթացում բեկում մտցնել: Այնպես որ այս իշխանության պարագայում, կարծում եմ, այս հարցադրումը նույնիսկ ակտուալ էլ չէ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին հայտարարել էր, որ Բաքուն «կտրականապես համաձայն չէ» Երևանի առաջարկին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա: Ալիևը նաև տարածքային պահանջներ էր ներկայացրել Հայաստանին և հայտարարել, որ Երևանը, Սևանը և Սյունիքի մարզը ճանաչվել են «Ադրբեջանի պատմական հողեր»։
Հունվարի 10-ին Ալիևը հայտարարել էր, որ «ութ գյուղերի հարցը, որոնք այսօր գտնվում են հայկական օկուպացիայի տակ», մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։
Հարցազրույցը՝ Էմմա Հովսեփյանի
Տեսանյութը՝ այստեղ: