2023 թվականի տարեվերջին 91 մարզիկ ստացել է 1 մլն դրամից ավելի միանվագ պարգևատրում, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով»,- մանրամասնում են ԿԳՄՍՆ-ից:
Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023թ. հունվարի 1-ից:
Անդրադառնալով ընթացող աշխատանքներին, գերատեսչությունը հայտնում է, որ տարվա ընթացքում շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև ընթացքում են եղել Գյումրու Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին:
Հունվարի 5-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ 2023 թվականին տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե։
2023թ․ դեկտեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել էր 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները։